Պատերազմի սարսափն ամենամեծ գործոնն էր, որն ազդեց ընտրությունների վրա․ Ռոբերտ Քոչարյան
Այդ փաստաթղթի բոլոր վատ կետերն իրականացված են, եւ որեւէ ողջամիտ մարդ չի գալու ու ասի՝ չեղարկենք այս փաստաթուղթը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության գալու պարագայում հնարավոր է, որ չեղարկվի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ քայլեր ձեռնարկվելու է Հադրութը եւ Շուշին վերադարձնելու ուղղությամբ։
«Ինչ վատ բան կա, արդեն կատարված է։ Այդ փաստաթղթի բոլոր վատ կետերն իրականացված են, եւ որեւէ ողջամիտ մարդ չի գալու ու ասի՝ չեղարկենք այս փաստաթուղթը։ Իրականացված է բացի մեկ կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձը։ Դա չեղարկելով ասելու են՝ գերիներին չեն ուզում, որովհետեւ միակ իրավական փաստաթուղթն է, որտեղ ռազմագերի բառն է օգտագործված։ Բրյուսելում ուղղակի շոկ էր, այդ բառը չօգտագործվեց։ Ինչո՞ւ ես գնացել այնտեղ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ պետք է ձգտել ԼՂՀ-ի տարածքի ամբողջականությունը ինչ-որ տեղ վերականգնելու ուղղությամբ։
«Այդ ուղղությամբ պետք է քայլեր անել, գոնե մի մասը չի կարող հաջողությամբ չիրականացվել։ Ամեն օր քայլ կատարելով, քարը քարին դնելով, հնարավոր չէ, որ դու ինչ-որ տեղ, ինչ-որ ժամի հաջողություն չունենաս։ Շատ դեպքում կարեւոր է նաեւ, թե ճիշտ ժամանակն ես ընտրել, թե՝ ոչ։ Միշտ չէ, որ ամեն ինչ է քեզնից կախված, բայց հնարավոր չէ, որ աշխատանքի պարագայում հաջողության ինչ-որ աստիճան չունենաս։ Ամենից վատ բանը չփորձելն է, կյանքում ոչինչ չանելն է։ Ամենից շատ քարոզարշավի ընթացքում խանգարեց այդ հանգամանքը, որովհետեւ իմ մեջ, Դաշնակցության մեջ, մյուսը՝ Սյունքը, որն ավելի մարտական էր տրամադրված, տեսել էր ուժի, որը կարող է փորձել ինչ-որ բան փոխել, ինչի վտանգավոր հետեւանքը կարող է լինել պատերազմը։ Պատերազմից սարսափած ժողովրդի մոտ դա ազդեց, եւ ամենամեծ գործոնն էր, որն ազդեց ընտրությունների վրա։ Հիմա մարդիկ տեսնում են, որ անվտանգային հարցերը լուծված չեն, եւ երկրի հարցումներով 70-80 տոկոսը այդ հարցը համարում են առաջնահերթ, բայց սա մի տարբերակ է, որը պահելով ժողովրդի գլխին կարելի է գնալ մեր շահերից չբխող տարբեր լուծումների՝ այդ սարսափը պահելով։ Սա է ամենամեծ խնդիրը, որը պետք է հաղթահարենք, հակառակ դեպքում մենք միշտ կլինենք զիջողի դերում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։