Toshiba-ի արեւային մարտկոցները էլեկտրական մեքենաներին օրական 35 կմ վազք կավելացնեն
Toshiba-ի մշակումը խոստանում է էլեկտրական մեքենաներին օրական մինչեւ 35 կմ «անվճար» վազք ավելացնել արտադրել էլեկտրական մեքենաներ, որոնց մարտկոցների լիցքավորման համար ցանցին միացնելու անհրաժեշտության չկա, ինչպես նաեւ թույլ տալ իրականացնել ստրատոսֆերային հեռահաղորդակցության հարթակների նախագծեր։ Այս ամենը կարվի արեւային վահանակների արդյունավետության բարձրացման շնորհիվ, եւ, որ ամենակարեւորն է, առանց ֆոտոհարթակների արժեքի զգալի բարձրացման։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով EurekAlert-ին։
Նշված նպատակներին ընկերությունը մտադիր է հասնել տանդեմային արեւային բջիջների արտադրության հաշվին, որոնց վերին թափանցիկ շերտը պատրաստվում է էժան պղնձի օքսիդի (Cu2O) օգտագործմամբ, իսկ ստորինը՝ սովորական սիլիկոնից։ Նման տանդեմային բջջի առաջին հեռանկարային նախատիպը Toshiba-ն ներկայացրել է 2019 թվականին, ինչի մասին ժամանակին խոսել ենք։ Ապագայում ընկերության տեխնոլոգիայի մեջ մտնող ֆոտոտարրը կարող է ցույց տալ մինչեւ 40% արդյունավետություն: Եւ դա հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրան հարկավոր չեն Մենդելեեւի պարբերական աղյուսակի III-V խմբերի թանկարժեք քիմիական տարրերը, այդ թվում՝ գալիումի արսենիդը։ Պղնձի օգտագործումը շատ ավելի էժան կլինի։
Ընկերությունը կշարունակի կատարելագործել սիլիկոնի վրա թափանցիկ վերին շերտի կիրառման տեխնոլոգիան, որպեսզի շերտերից յուրաքանչյուրն արդյունավետորեն կլանի իր ալիքի երկարությունը, իսկ վերին շերտը մնա հնարավորինս թափանցիկ: Մշակողների նպատակն է հասնել թափանցիկ շերտի արդյունավետության 10% մակարդակի՝ պահպանելով 80% թափանցիկությունը, եւ այդ դեպքում էլեկտրական տրանսպորտը օգնություն կստանա կախովի վահանակների տեսքով եւ ավելի քիչ կախված կլինի մարտկոցների լիցքավորումից։
2019 թվականին ներկայացված Toshiba-ի տանդեմային ֆոտոտարրը կարող էր պարծենալ 23,8% արդյունավետությամբ, քանի որ սովորական սիլիկոնային արեւային մարտկոցների տիպիկ արդյունավետությունը 22% էր։ Թափանցիկ շերտի արտադրության տեխնոլոգիայի հետագա կատարելագործումը հնարավորություն տվեց բարձրացնել դրա արդյունավետությունը մինչեւ 8,4%, իսկ ընդհանուր արդյունավետությունը սիլիկոնի հետ միասին՝ մինչեւ 27,4%: Համեմատության համար, մինչ օրս ամենաարդյունավետ մեկ սիլիկոնային արեւային մարտկոցը ցուցաբերում է 26,7% արդյունավետություն, ինչը զգալիորեն ցածր է Toshiba-ի տանդեմային ֆոտոտարրից: