Թող հեքիաթներ չպատմեն, որ կառավարությունն ուզում էր ավելի լավ ավտոբուսներ բերել. Բերող էիք՝ բերեիք. Մարության
Ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ, այո կորցրել եմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա օրինակ բերեց, որ երբ ավագանին պետք է համաձայնություն տար ավտոբուսների գնմանը, սակայն նեղ խմբակային շահը վեր է դասել մի ամբողջ համայնքի շահից. «Տենդեր էինք հայտարարել 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռք բերման համար, որը կայացել էր, եւ պետք է ավագանին համաձայնություն տար, որ գումար հատկացնեինք գնման համար: Դա 2021-ի փետրվարն էր: Մենք որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր եւ անկախ անդամների շնորհիվ: Ծայրը ծայրին հասցնելով որոշումը կայացվեց: Փաստացի այս մարդիկ ուզում էին քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին, որ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները: Այսինքն նեղ խմբակային շահը վեր էին դասում ամբողջ համայնքի շահից: Ու թող հեքիաթներ չպատմեն, որ կառավարությունն ուզում էր ավելի լավ ավտոբուսներ բերել: Բերող էիք՝ բերեիք: Մենք 850 ավտոբուսի կարիք ունենք, 211-ի գնումն էինք անում, մնացածն էլ դուք բերեիք: Էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք: Այսքանից հետո ես ինչ հարաբերություն պետք է ունենամ այդ ֆրակցիայի հետ»,-ասաց Մարությանը: