Կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ քաղաքապետ աշխատելու համար, մեր հաջորդ թեկնածուն էլ կուսակցական չէ. Կոտոլյան
Կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ քաղաքապետ աշխատելու համար, մեր հաջորդ թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանն էլ կուսակցական չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը:
Դիտարկմանը, թե նաեւ իր անունն էր շրջանառվում որպես Երեւանի հաջորդ քաղաքապետ, նա ասաց. «ես այդ մասին լուրերը լսել եմ լրագրողներից»:
Հարցին, թե արդյոք «Իմ քայլի» անդամների նկատմամբ շանտաժներ, սպառնալիքներ եղել են, նա պատասխանեց, որ Ես ներկա չեմ եղել նման բանի, եթե անգամ եղել է»:
Ինչ վերաբերում է լուրերին, որ ավտոբուսների գնման հարցով Տիգրան Ավինյանը զանգել է ավագանու անդամներին եւ հորդորել տապալել այդ նիստը, իրենք հետո ավելի լավ ավտոբուսներ կգնեն, Կոտոլյանն ասաց, որ տեղյակ չէ դրանից. «Ես ինքս կողմ եմ եղել, որ ներկա պահին գնված ավտոբուսների փոխարեն մենք ունենանք եվրոպական ավտոբուսներ: Քանի որ ամեն դեպքում չկարողացանք այդ հարցը նիստից հանել, ես ինքս չեմ ներկայացել այդ նիստին»:
Նա ընդգծեց, որ վերջին տարում բազմիցս փորձեր են արվել Հայկ Մարությանի հետ աշխատանքների համակարգմանն ուղղված, որը ցավոք չի ստացվել:
Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:
Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: