Անտարկտիդայի կրիտիկական սառցադաշտը կարող է փլուզվել առաջիկա հինգ տարվա ընթացքում
Անտարկտիդայում կրիտիկական սառցադաշտը կարող է փլուզվել առաջիկա հինգ տարվա ընթացքում, նախազգուշացրել են գիտնականները Ամերիկյան երկրաֆիզիկական նիստի ժամանակ, հայտնում է CNBC-ն։
Թուեյթս սառցադաշտը Ֆլորիդայի չափերի շերտ է, որն արդեն պատասխանատու է ծովի մակարդակի համաշխարհային տարեկան բարձրացման մոտ 4 տոկոսի համար, քանի որ այն դանդաղորեն հալվում է: Սակայն սառցադաշտը գտնվում է սառցե ծանծաղուտի վրա, որը խոցելի է փլուզման համար՝ դրա մակերեսի վրա վերջերս հայտնաբերված ճաքերի եւ ամբողջ ծանծաղուտի մեծ ճեղքի պատճառով:
Օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը, որը մասամբ պայմանավորված է կլիմայի մարդածին փոփոխությամբ, քայքայում է արեւելյան սառցադաշտը: Եթե ծանծաղուտը ճաքի, գիտնականներն ասում են, որ սառցադաշտի ներդրումը ծովի մակարդակի բարձրացման գործում ի վերջո կարող է աճել մինչեւ 25 տոկոսով:
Սառույցի կորուստն Անտարկտիդայում վերջին տարիներին արագանում է, եւ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծովի մակարդակի վտանգավոր բարձրացում տեղի կունենա, եթե գլոբալ տաքացումը նախաարդյունաբերական մակարդակից մոտ երեք աստիճանի հասնի: Երկիրն արդեն տաքացել է մեկ աստիճանով: