Իտալացի եպիսկոպոսը վշտացրել է երեխաներին և նրանց ծնողներին՝ հայտարարելով, որ Սանտա Կլաուս գոյություն չունի
Սիցիլիայի հռոմեակաթոլիկ թեմը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ եպիսկոպոսներից մեկը, մի խումբ երեխաների առջեւ ելույթ ունենալով, Սանտա Կլաուսին հորինված կերպար է անվանել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:
Կղզու հարավ-արեւելքում գտնվող Նոտո քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ եպիսկոպոս Անտոնիո Ստալյանոն ասել է. «Ոչ, Սանտա Կլաուսը գոյություն չունի»: «Եւ ես նույնիսկ կավելացնեի, որ կարմիր հագուստը, որը նա կրում է, ընտրել է Coca-Cola ընկերությունը՝ բացառապես գովազդային նպատակներով»,- Սուրբ Նիկոլասի օրվան նվիրված իր ուղերձում շարունակել է քահանան։
Այս խոսքերը զայրացրել են բազմաթիվ ծնողների, որոնք հետո իրենց վրդովմունքն արտահայտել են սոցիալական ցանցերում: Նրանցից շտապել է ներողություն խնդրել Նոտոյի թեմի ներկայացուցիչ Ալեսանդրո Պաոլինոն։ Նա ասել է, որ իր գործընկերը չի ցանկացել որեւէ մեկին վիրավորել, այլ փորձել է ուշադրություն հրավիրել սպառման պաշտամունքի վրա, որը Սանտա Կլաուսի ներկայիս կերպարին հեռացնում է իր ենթադրյալ նախատիպից՝ Սուրբ Նիկոլասից, որը Միրա քաղաքից էր։ Ըստ Պաոլինոյի՝ եպիսկոպոսը ցանկացել է երեխաներին հիշեցնել Սուրբ ծննդի իրական իմաստը, որն այժմ մարդկանց մեծամասնությունը կապում է չափից դուրս սպառողականության հետ: «Եթե մենք բոլորս՝ մեծահասակները եւ երեխաները, կարողանայինք ինչ-որ բան սովորել Սանտա Կլաուսից, ապա դա պետք է լինի հետեւյալը՝ քիչ նվիրել՝ սպառելու համյար, եւ կիսվել կարիքավորների հետ»,- ասվում է թեմի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։