Թբիլիսիում հանրահավաք է անցկացվում՝ ընդդեմ Covid-անձնագրերի
«Կանաչ անձնագրերի» մի քանի հարյուր հակառակորդ Թբիլիսիում հանրահավաք է անցկացնում։ Հանրահավաքից ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ կադրեր է ցուցադրել կազմակերպիչներից Զվիադ Տոմարաձեն։
«Յուրաքանչյուր կիրակի մենք հավաքվում ենք և բողոքում «կովիդ-ֆաշիզմի» դեմ: Մենք կպայթեցնենք այս համակարգը մինչև վերջ: Բոլոր նրանք, ովքեր հիմա տանն են և կարող են դուրս գալ կանաչ անձնագրերի դեմ, դուրս եկեք»,- ասել է Տոմարաձեն իր տեսաուղերձում։
Վրաստանում դեկտեմբերի 1-ից գործում են «կանաչ անձնագրերը» հասարակական վայրեր այցելելու համար։ Առանց նման վկայագրերի՝ Վրաստանի քաղաքացիները և օտարերկրացիները չեն կարողանա այցելել ռեստորաններ և սրճարաններ, կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, զվարճանքի կենտրոններ, սպորտային օբյեկտներ, կազինոներ, սպա կենտրոններ, ֆիթնես սենյակներ, հյուրանոցներ և ճոպանուղիներ: