Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է կայանված КамАЗ-ի ետնամասի մեջ. վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Դեկտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 22։40-ի սահմաններում Սյունիք գյուղի սկզբամասում Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ մակնիշի բեռնատարի ետնամասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Կապան» բժշկական կենտրոն։
Ճանապարհին վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։