Անկախ նրանից՝ տուժողը կա, թե չկա, քրգործ պետք է հարուցվի. Սա հանրային գործ է, տուժողը ողջ հանրությունն է. Ա. Մինասյան
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ստացած վնասվածքների շրջանակներում իրավապահները պարտավոր են գործեր հարուցել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Իրենք թույլ են տվել քրեորեն արարք, հիմա էլ ուզում են մեղավորությունը բարդել օգնականների վրա: Քանի որ ես ավելի մանրամասն տեղեկացված եմ, կարող եմ արձանագրել, որ պատգամավորներն իրենց պահել են սարսափելի փողոցային վարքագծի տեսքով: Քրգործը պետք է արդեն հարուցված լիներ: Այս գործընթացում ներգրավված բոլոր անձինք պետք է բացատրություններ տան, որի հիման վրա պետք է հարուցվի քրգործ, կամ մերժվի հարուցումը.,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որ եղել է այդ ծեծկռտուքի կիզակետում չի ընդունում, որ ինքը տուժել է՝ հայտարարելով, որ ինքը ծեծ չի կերել, ինչ պետք է արել են, ինչքան պետք է, կոխել են, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Գերասիմ Վարդանյանը ճիշտ է ասել: Անկախ նրանից՝ տուժողը կա, թե չկա, նախ սա հանրային նշանակության գործ է, եւ տուժողը ողջ հանրությունն է»: