Ավստրալիայի իշխանությունները որոշել են կրակել խորհրդարանի մատույցները գրաված ճագարների վրա
Բազմաթիվ ճագարներ գրավել են Կանբերայում Ավստրալիայի խորհրդարանի մատույցները, ինչի կապակցությամբ իշխանությունները որոշել են կրակել նրանցից մի քանիսի վրա։ Կենդանիների ներխուժումն անհարմարություններ է ստեղծում տեղի բնակիչների եւ պաշտոնյաների համար, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը։
Մայրաքաղաքի ազգային վարչությունը (NCA) արդեն հարցում է անցկացրել տեղի բնակչության շրջանում, եւ բնակիչներից շատերը բողոքել են ճագարների պատճառած վնասներից: Նրանք սպառնում են թռչունների եւ միջատների գոյությանը, քանի որ ակտիվորեն սնվում են բույսերով, եւ դա հանգեցնում է հողի էրոզիայի։
Ավստրալիայի իշխանություններն արդեն փորձել են պայքարել կենդանիների պոպուլյացիայի աճի դեմ, սակայն այդ միջոցները ոչ միշտ են արդյունավետ։ Ներկայիս ներխուժումը կապում են Կանբերայի տարածքում սննդի առատության հետ: Շուտով խորհրդարանի դիմացի ճագարներից մի քանիսին կսպանեն։ Սկզբում NCA-ն ցանկանում էր թունավոր նյութեր օգտագործել, սակայն դա կարող է վնասել այլ կենդանիների, օրինակ՝ գիշատիչ թռչուններին:
Սա Ավստրալիայում ճագարների ոչնչացման առաջին դեպքը չէ, նրանք իսկական աղետ են դարձել տեղի էկոհամակարգի համար։ 2007 թվականին Կանբերայում ճագարների դեմ փորձել են ճագարի վիրուսով պայքարել, սակայն նրանց պոպուլյացիան կրճատել չի հաջողվել։