Արթիկում ՔՊ-ն եւ Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունը կոալիցիա կկազմեն. Վարդենիսում ևս ՔՊ-ն իշխանություն չի ձևավորի. ընդդիմադիր դաշինքները կոալիցիա են կազմելու
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» եւ Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունները կոալիցիա կձեւավորվեն եւ կստանձնեն համայնքի կառավարումը:
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել էր ձայների 41. 61-ը, «Միասնական Արթիկ» դաշինքը՝ 23,38%, «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ 13,73%, «Ազատական» կուսակցությունը՝ 11,92%։
Երկրորդ ամենաշատ ձայները ստացած քաղաքական ուժի՝ «Միասնական Արթիկ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը:
Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած ընդդիմադիր ուժերը՝ 37.76% ստացած «Ահարոն Խաչատրյան» եւ 16.51% ստացած «Միասնական Վարդենիս» դաշիքները, կոալիցիա ձեւավորելու մասին հուշագիր են ստորագրել:
Այսպիսով, Վարդենիսում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձայների 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, չի կարողանա տեղական իշխանություն ձեւավորել:
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Գեղարքունիքի մարզի Տորֆաշեն համայնքի գործող ղեկավար Ահարոն Խաչատրյանն է, «Միասնական Վարդենիս» դաշինքի համամասնական ցուցակի առաջինը համարը Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանն է:
Թալին խոշորացված համայնքում եւս ընտրություններին մասնակցած 3 ուժեր՝ «Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը» կուսակցությունները, կոալիցիա են ձեւավորել, եւ ՔՊ-ն այդ համանքում եւս չի կարողանա իշխող մեծամասնություն կազմել: