Երևանում՝ բենզալցակայանի մոտ, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված փողոցի բնակիչ՝ 36-ամյա Տիգրան Տ-ն է։ Մինչ Արաբկիրի ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են, որ վիճաբանություն-դանակահարությունը տեղի է ունեցել Վաղարշյան փողոցում գործող բենզալցակայանի հարևանությամբ։