Փարիզում ձերբակալել են լրագրող Խաշըքջիի սպանության գործով կասկածյալին
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի սպանության գործով կասկածյալներից մեկին՝ 33-ամյա Խալեդ Իդ ալ Ութեյբիին: Այս մասին երեքշաբթի հայտնել է RTL ռադիոկայանը։
Նրա տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիայի նախկին անդամը ձերբակալվել է Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում երեքշաբթի առավոտյան, որտեղ նա սպասում էր Էր Ռիադ չվերթին: Նրա մոտ եղել են համապատասխան անձնական տվյալներով փաստաթղթեր։ Այնուամենայնիվ, այժմ իշխանությունները լրացուցիչ ստուգում են իրականացնում։
Անձի հաստատման և ձերբակալվածի կողմից կամավոր համաձայնության դեպքում Ֆրանսիան նրան կփոխանցի Թուրքիայի իշխանություններին, որտեղ ընթանում է տվյալ գործով դատավարությունը։ Հակառակ դեպքում, նրա արտահանձնման հարցը կորոշի ֆրանսիական դատարանը։
Ռադիոկայանը պնդում է, որ Խալեդ Իդ ալ Ութեյբին սպանության պահին գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում: Նա թագավորության 20 հպատակների թվում է, որոնց որոնում է Ինտերպոլն այդ գործի կապակցությամբ։ Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Սաուդյան Արաբիա կատարած այցի հաջորդ օրը, որտեղ նա հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող լրագրող Ջամալ Խաշըքջիին սպանել են 2018-ի հոկտեմբերին Ստամբուլում Թագավորության հյուպատոսությունում։
Սկզբում Էր Ռիադը հերքել է, որ տղամարդն անհետացել է հյուպատոսությունում, սակայն տեսանյութի և ձայնագրությունների հայտնվելուց հետո Սաուդյան իշխանությունները խոստովանել են, որ Խաշըքջիին սպանել են հյուպատոսարանի աշխատակիցների հետ վեճի ժամանակ:
Թուրքական ոստիկանությունը չի կարողացել գտնել լրագրողի մարմինը։
Արաբական լրատվամիջոցները վարկածներ են առաջ քաշել, որ սպանության հրամանը կարող էր տալ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:
Սակայն Թագավորության ԱԳՆ-ն հայտարարել է, որ ինքը ոչ մի կապ չունի այդ հանցագործության հետ։