Մեծ Բրիտանիային զգուշացվել է փոթորկի հետևանքով ավելի մեծ ավերածությունների մասին
Մեծ Բրիտանիային զգուշացվել է փոթորկի հետևանքով ավելի մեծ ավերածությունների մասին և կոչ է արվել պատրաստ լինել արտակարգ եղանակային պայմանների։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Անցած շաբաթվա ընթացքում Անգլիայի և Շոտլանդիայի առանձին հատվածներին հարվածել է «Արվեն» փոթորիկը, որի արագությունը 100կմ/ժ է։ Հազարավոր տներ մինչ օրս մնում են առանց էլեկտրականության։ Փոթորիկը վնասել է էլեկտրահաղորդման լարերը, արմատախիլ արել ծառեր։ Բրիտանիայի կառտավարությունը ենթադրում է, որ բնական աղետները կարող են հաճախակի դառնալ կլիմայական ճգնաժամի սրացման պատճառով։
Բրիտանիայի ձեռներեցության, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Կվասի Կվարտենգը հայտնել է, որ այս փոթորիկն աննախադեպ էր և խոստացել է անել հնարավորը էներգամատակարարումը մինչ Սուրբ Ծննդյան տոները վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է ավելի լավ պատրաստվել արտակարգ եղանակային պայմաններին։
Հոկտեմբեր ամսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Իդա» անունը ստացած փոթորիկը համարել էր գլոբալ տաքացման հետևանք։ ԱՄՆ նախագահը կլիմայական փոփոխությունների հետևանքով կրած վնասը գնահատել էր 100 մլրդ դոլար։