Բացառում ենք Վանաձորում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը. Վահե Դոխոյան
Մեր անցնելու շանսերը բավականին բարձր եմ գնահատում, մեզ մնացել են ընդամենը ժամեր, որպեսզի հասկանանք` եթե բացարձակ մեծամասնություն չկազմի մեր ուժը, որ ուժերը կմիանան մեզ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Վահե Դոխոյանը։
«Պետք է քննարկվի և տեսնենք, որ ուժերը ցանկություն կհայտնեն միանալու մեզ»,-ասաց նա։
Դոխոյանը բացառեց իշխող կուսակցության ներկայացուցչի հետ կոալիցիա կազմելու տարբերակը։
«Մենք կոալիցիա չենք կազմի այն ուժի կամ ուժերի հետ, որոնք մեզ հետ ունեն գաղափարական կամ ռազմավարական հակասություններ։ ՔՊ-ի հետ այս պահին չունենք ոչ մի գաղափարական եզրեր։ Մեր մասով բացառվում է, որ Գյումրիի նախադեպը կարող է կրկնվել։
Ես կարծում եմ, որ վաղը Վանաձորը ունենալու է այն հենքը, որով կարող է համարվել ամենաերջանիկ համայնքը, վանաձորցին պետք է լավ ապրի»,-նշեց թեկնածուն։
Հարցին` ստացել է ահազանգեր չարաշահումների և վարչական լծակների կիրառման վերաբերյալ, Դոխոյանը պատասխանեց. «Մենք աշխատել ենք ի օգուտ մեզ, չենք հետաքրքրվել ուրիշի գործերով, իհարկե քաղաքում տարբեր բաներ էին խոսում, տարբեր ինֆորմացիաներ կային, բայց այդ ինֆորմացիաների հետազոտողները այլ մարմիններ են, ինձ շատ չի հետաքրքրել, մենք մեր գործով ենք զբաղվել»։
Դոխոյանը նկատեց, որ Վանաձորում ընտրությանը մասնակցության ցածր ցուցանիշ կա, ինչ է անհանգստացնող է։
«Ի վերջո ընտրությունները պետք է կայանան, Վանաձորը պետք է ունենա քաղաքապետ, լավ կլիներ, որ վանաձորցիները շատ մասնակցեին։ Վանաձորը յուրաքանչյուր պարագայում պետք է քաղաքապետ ունենա, դուրս եկեք տնից և մասնակցեք ընտրության»,-ասաց նա։
Մասնակցության ցածր ցուցանիշի հնարավոր պատճառ Վահե Դոխոյանը համարեց հիասթափությունը և վստահության պակասը։