Հնարավո՞ր չէր, բարեկարգել այնպես, որ լողավազանը ծառայեր նրան, ինչի համար կառուցվել էր. ավագանու «Իմ քայլի» անդամ
Իմ ձեռքի տակ կան բնակիչներից հավաքած ստորագրությունները, որտեղ նրանք ասում են, որ մենք ուզում ենք, որ չգործող լողավազանի փոխարեն կռուցվի բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Տիգրան Մեծի 53 հասցեում լողավազանը քանդելու որոշմանը:
«Սա ճարտարագիտական հուշարձան է, որը պահանջում է, որ ունենա քանդման թույլտվություն: Ես ուզում եմ իմանալ, արդյոք կա այդ թույլտվությունը: Եթե կա, ապա երբէ եղել: Այս լողավազանը կառուցվել է էկոլոգիական մի շարք հարցեր լուծելու համար: Հիմա տարիներով դա չի աշխատել, մեջը աղբ է լցված: Իհարկե, բնակիչները հոգնելու են, զզվելու են դրանից եւ ասել են՝ ուզում ենք բարեկարգվի: բայց արդյոք բարեկարգման այլ տարբերակներ չկան: Հնարավո՞ր չէր, բարեկարգել այնպես, որ լողավազանը ծառայեր նրան, ինչի համար կառուցվել էր: Քանի՞ անգամ ենք վերջին տարիներին տեսել, որ նոր կառուցվող շենքի դիմաց լինի, օրինակ, ջրավազան, շատրվան: Խնդրում եմ՝ ներկայացրեք քանդման թույլտվությունը: Ո՞վ առաջարկեց, եւ ով համաձայնեց քանդել լողավազանը: Ինչո՞ւ ենք քանդում հինը՝ փոխարենը կառուցելով անհասկանալի ինչ-որ բան»,-ասաց նա: