Բելառուսի ՔԿ-ն ստուգում է լեհերի կողմից փախստականների դեմ հատուկ տեխնիկայի կիրառման փաստը
Բելառուսի Քննչական կոմիտեն ստուգում է Լեհաստանի կողմից փախստականների դեմ հատուկ տեխնիկայի հերթական կիրառման փաստը, փոխանցում է «Բելթա»-ն։
«Քննությունը պարզել է, որ նոյեմբերի 23-ի գիշերը Կամենեց թաղամասի «Տոկարի» սահմանապահ դիրքի հատվածներից մեկում օտարերկրյա միգրանտների խումբը գտնվել է լեհական ցանկապատի մոտ։ Ընդ որում, մարդիկ ապաստան են խնդրել Լեհաստանից, ոչ մի ագրեսիա չեն ցուցաբերել։ Դրան ի պատասխան՝ Լեհաստանի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ, պայթուցիկներ են կիրառել անզեն միգրանտների դեմ»,-հայտնել են ՔԿ-ում։
Դեպքի վայր է մեկնել քննչական եւ օպերատիվ խումբ։ Դեպքի վայրի զննության ժամանակ արձանագրվել է, որ փախստականների նկատմամբ հատուկ տեխնիկա է կիրառվել։ Առգրավվել են զինամթերքի բազմաթիվ բեկորներ։
Դեպքի վայրի զննությամբ առգրավված բոլոր առարկաների վրա նշանակվել են պայթունատեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքի ականատեսները։ Նախապես պարզվել է, որ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ոչ ոք բուժօգնության չի դիմել։