Ռուս փորձագետ. Արցախի՝ Բաքվին անցած շրջանները շատ լուրջ խնդիր են դառնում Ալիեւի համար
Արցախյան պատերազմի ավարտից մեկ տարի է անցել, սակայն Բաքուն չի կարողացել լրջորեն զարգացնել Ադրբեջանին անցած շրջանները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։
«Ինչ-որ բան նրանք անում են, սակայն բնակչությունը չի վերադարձել այնտեղ, պայթուցիկ սարքերի առկայության խնդիրը մնում է։ Սա ակնհայտորեն դառնում է շատ լուրջ քաղաքական խնդիր Ալիեւի համար։ Ըստ երեւույթին, ենթադրվում է, որ հայերն ինչ-որ տեղ քարտեզներ ունեն, որոնք չեն ուզում տալ։ Բայց ես վստահ չեմ, որ նման մանրակրկիտ քարտեզներ կան: Այս տարածքներում կարող էին մնալ վայրի ականապատ դաշտեր, որոնք երկար տարիներ ոչ ոք չիսպասարկել։
Բաքվին, ըստ ամենայնի, չի հաջողվում ամբողջությամբ ականազերծել այդ տարածքները, եւ սա արդեն քաղաքականապես կարեւոր պահ է։ Քանի դեռ Ադրբեջանը չի տիրապետել դրանց, չի կարող լրջորեն զբաղվել Արցախի խնդրով։ Նախ պետք է ինտեգրել մնացած շրջանները, ինչն այնքան էլ լավ չի անում Բաքուն։ Բաքուն հրաժարվում է ճանաչել Արցախը եւ կարծում է, որ այնտեղ ապրող հայ բնակչությունը պետք է ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն կամ լքի այդ տարածքները։ Անգամ ներկայիս տեսքով Արցախը հերքում է դա։ Եվ քանի դեռ այդպես է, անորոշ իրավիճակը կպահպանվի եւս մի քանի տարի, եւ դրա փոփոխությունը կախված կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող հանգամանքներից»,-ասաց նա։