Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ-ի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոնկրետ չպատասխանեց՝ գրավոր ընթացակարգով դիմել են արդյոք Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, թե ոչ:
«Մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ, այո՛, և՛ Ռուսաստանին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք», - ասուլիսի ժամանակ ասաց նա:
Հարց հնչեցնող լրագրողը կոնկրետացրեց հարցը՝ ենթադրում է՝ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձությունների մասին է, Փաշինյանն էլ արձագանքեց. «Գիտեք, նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12 -ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»:
Նա ասաց, թե շարունակում են քննարկումները ու գտնում են, որ Ադրբեջանի պահվածքին պետք է միջազգային գնահատական տրվի:
«Մենք այս առումով մեզ չենք սահմանափակելու, Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նաև հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում դիտարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:
«Չեմ կարծում, թե ՀՀ-ն կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը, քանի որ ՀԱՊԿ-ը նաև մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի համար շատ կարևոր հարթակ է:
ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին, սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել։
Հաջորդն այն է, ոը ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է... պիտի արձանագրենք, որ լինելով մեր դաշնակիցը, ՌԴ-ն Ադրբեջանի թշնամին չէ, բարեկամական կապի մեջ են, ու նաև սա է պատճառը, որ ՌԴ-ն չի ուզում հակամարտության մեջ ներքաշվել Ադրբեջանի հետ, մենք ևս չենք ուզում, որ որևէ մեկը ներքաշվի։
Մյուս կողմից ասում եմ ՀՀ-ն ինքն իրեն չի սահմանափակելու միջազգային ատյաններ դիմելու առումով... Մենք չենք կարող հրաժարվել մեր որևէ գործընկերոջ աջակցելու առաջարկից (սահմանային իրավիճակը կայունացնելու- խմբ)»,- ասաց Փաշինյանը։