Հայաստանի եւ հակառակորդի Պաշտպանության նախարարների միջեւ պետք է իրականանա օպերատիվ կապը. Անդրանիկ Քոչարյան
Պաշտոնական հաղորդագրությունից հասկացվեց նաև, որ պետք է իրականություն դառնա օպերատիվ կապը Հայաստանի և հակառակորդի Պաշտպանության նախարարների միջեւ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությանը։
«Կապը գործո՞ւմ է, թե՝ ոչ, չեմ կարող ասել։ Լարվածություննները մեզ միշտ ուղեկցելու են, մինչև չմտնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ, բայց ինչպես տեսնում ենք կան ուժեր, որոնք ցանկություն չունեն երկրում կայուն իրավիճակ ստեղծել.... Մենք շահագրգռված ենք, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան օր առաջ սկսվի, որպեսզի հստակություն լինի։ Զրոյական կետի շուրջ բանակցություններից հետո պիտի տեղի ունենան այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հենց այդ բանակցությունների ընթացքում կորոշվի, թե ինչ քարտեզներով են տեղի ունենալու դեմարկացիան եւ դելիմիտացիան։
«Այդ բանակցությունների ընթացքում մեզ համար պետք է գտնել այն ցանկալի զրոյական կետը, որից հետո մենք չունենանք կորուստներ, այլ ձեռքբերումներ ունենանք։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացով, իսկ նման գործընթացի շրջանակներում լինելու են լարվածության օջախներ։ Կրակի օջախները կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին անուղղակի սպասարկող գործընթացներ չեն լինի»,– նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 15–ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ բանակցությունները հնարավորություն կտան թուլացնելու լարվածությունը։
«Թե բանակցություններին ինչ խնդիր պետք է լուծվի, դա կախված է, թե բանակցող կողմն իր հետեւում ինչ ունի։ Դա ասելով նկատի ունեմ ժողովրդի կամքի արտահայտությունը, որի արդյունքում ձեւավորվել է կայուն իշխանություն, եւ նման պայմաններում շատ կարեւոր է մեր Զինված ուժերի մարտունակության վիճակը։ Պատահական չէր, որ վերջին հարցազրույցներից մեկում ես ասել էի, որ բանակը կռվեց»,– նշեց նա։