«Գեղեցկության խորհրդատուն» մեղադրվում է կնոջ սպանության մեջ՝ նրա նստատեղում սիլիկոնի ներարկման պատճառով
Հյուսթոնի բնակչուհուն կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել կնոջ նստատեղում սիլիկոնի չարտոնված ներարկման պատճառով, ինչի հետեւանքով կինը մահացել է։
47-ամյա Լիզա Ֆերնանդեսը ձերբակալվել է 38-ամյա Մարջի ՄակՔլենդոնի (Սենթ Լուիս) մահվանը հանցակից լինելու պատճառով, որը մահացել է 2018թ. իր բնակարանում, Ֆերնանդեսի հետ հանդիպումից մի քանի օր հետո։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ իրեն «գեղեցկության խորհրդատու» անվանած Ֆերնանդեսը աշխատում էր տանը 2004 թվականից, նա սիլիկոնն ստացել էր անօրինական ճանապարհով եւ այն ճիշտ չէր ներարկել, տեղեկացնում է KSDK-ն։
ՄակՔլենդոնը առաջին ներարկումից հետո վատ է զգացել 2018թ. ապրիլի 24-ին, բայց վերադարձել է հաջորդ օրը, որպեսզի ստանա երկրորդ ներարկումը այն բանից հետո, երբ Ֆերնանդեսը հրաժարվել էր նրան վերադարձնել գումարը։
Պաշտոնական անձանց խոսքով՝ երկրորդ ներարկումը ստիպված են եղել դադարեցնել, քանի որ ՄակՔլենդոնն ուժեղ ցավեր է ունեցել։ Նրա մոտ սկսվել են շնչառության հետ կապված խնդիրներ, եւ նա սկսել է արյուն հազալ, նրան տեղափոխել են շտապօգնության տեղի բաժանմունք։ Բայց նա չի սպասել, որ բուժզննումն ավարտվի եւ վերադարձել է Սենթ Լուիս։ Դրանից շատ չանցած նա նորից հոսպիտալացվել է Միսուրիի հիվանդանոց, որտեղ մահացել է 2018թ. ապրիլի 30-ին։
Մահվան պաշտոնական պատճառը թոքի զարկերակի սիլիկոնային թրոմբոէմբոլիայի բարդացումն էր։