Փոխվարչապետ. Սաակաշվիլին անհրաժեշտության դեպքում կտեղափոխվի քաղաքացիական կլինիկա
Վրաստանի մշակույթի նախարար եւ փոխվարչապետ Թեյա Ծուլուկիանին ասել է, որ անհրաժեշտության դեպքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային կլինիկայից կտեղափոխեն կլինիկա։
«Սովը վնասում է առողջությանը, ուստի ես չեմ ողջունում բողոքի այս ձեւը։ Մտահոգության պատճառ չկա, կարող եք հանգիստ լինել, քանի որ հենց քաղաքացիական կլինիկա տեղափոխվելու պատճառ լինի, իհարկե, ինչպես միշտ արել է քրեակատարողական ծառայությունը, այս դեպքում էլ դա կարվի»,- ասել է Ծուլուկիանին։
Ընդ որում, փոխվարչապետը նշել է, որ այս փուլում նման անհրաժեշտություն չկա։
Սաակաշվիլիին բանտային կլինիկա տեղափոխելու պատճառ է դարձել գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից սպասվող անկարգությունների մասին Պետական անվտանգության ծառայության հայտարարությունը։ Պետական անվտանգության ծառայությունն ուղիղ կերպով հայտարարել է, որ նախկին նախագահի կողմնակիցները կարող են փորձել գրոհել կլինիկան՝ նրան ազատ արձակելու համար։ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը։
«Ազգային շարժումը» եւ դրա համախոհները ամեն օր բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ Սաակաշվիլիին քաղաքացիական բազմապրոֆիլային կլինիկա տեղափոխելու պահանջով։ Նույն պահանջով հացադուլ են հայտարարել Վրաստանի խորհրդարանի տասը պատգամավորներ, ինչպես նաեւ Փոթիի, Զուգդիդիի եւ Ռուսթավիի սակրեբուլոների առանձին պատգամավորներ։
Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել ձերբակալության օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Երբ նախկին նախագահը դադարեցրեց դեղամիջոցների ընդունումը, առողջական վիճակի վատթարացումից խուսափելու համար նրան Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտից տեղափոխեցին Թբիլիսիի թիվ 18 բանտային հիվանդանոց։ Ինքը՝ Սաակաշվիլին, նրան փաստաբանները եւ անձնական բժիշկը պնդում էին, որպեսզի նա տեղափոխվի քաղաքացիական բազմապրոֆիլային կլինիկա։