Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել
Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 65 հազարը, սա ռեկորդային թիվ է ամբողջ համավարակի համար։ Այս մասին գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալները։
Հաղորդվում է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 65371 դեպք։ Նոր տեղեկություններով՝ օրվա ընթացքում ամբողջ Գերմանիայում գրանցվել է մահվան 264 դեպք։
Գերմանիայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը (շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թիվը 100 հազար մարդու հաշվով) նոյեմբերի 18-ի դրությամբ կազմում է 336.9։
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նոյեմբերի 17-ին, երբ օրական 52 826 վարակման դեպք էր գրանցվել։
Գերմանիայի տարածքում համավարակի սկզբից գրանցվել է ընդհանուր 5.195.320 դեպք։ Ապաքինվածների թիվը կազմել է 4 564 200։ Գերմանիայում համավարակի ընթացքում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 98 538-ի։