Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության 46 ակտիվիստի
Այսօր Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության 46 ակտիվիստի, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Առավոտյան ժամը 10-ից միաժամանակ բողոքի ակցիաներ են ընթանում Պետական անվտանգության ծառայության, Արդարադատության նախարարության եւ Առողջապահության նախարարության շենքերի դիմաց։
Ցույցերի մասնակիցները պահանջում են նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Նա արդեն 41 օր է՝ բանտում հացադուլի մեջ է։
ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստներին այնտեղ, «որտեղ ցուցարարները դուրս են եկել հավաքների ազատության մասին օրենքով սահմանված սահմաններից, ինչպես նաեւ փորձել են փակել վարչական շենքերի մուտքերը»։
ՆԳՆ-ում նշել են, որ գերատեսչության աշխատակիցները մոբիլիզացված են եւ պահպանում են հասարակական կարգը անվտանգության միջոցառումների միջոցով եւ իրադարձությունների արհեստական սրից խուսափելու համար։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ցուցարարներին եւ քաղաքական առաջնորդներին հարգել Վրաստանի սահմանադրությունը, հարգել իրավապահ մարմինների գործունեությունը, գործել օրենքի շրջանակներում, ենթարկվել ոստիկանության պահանջներին եւ պահպանել հասարակական կարգը։
Ձերբակալությունների մեծ մասն իրականացվել է Պետական անվտանգության ծառայության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ։