Ֆրանսիայի թագուհի Մարի-Անտուանետի երկու ադամանդե ապարանջանները աճուրդում վաճառվել են ավելի քան $8 մլն-ով
Ֆրանսիայի թագուհի Մարի-Անտուանետի երկու ադամանդե ապարանջանները ավելի քան 8 մլն դոլարով վաճառվել են Շվեյցարիայի աճուրդում։ Դրանք հեռախոսով գնել է անանուն գնորդը, տեղեկացնում է BBC-ն։
Մարի-Անտուանետը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ զարդերն ուղարկել էր իր գանձարան՝ այնտեղ պահելու համար։ Երկու ապարանջանն էլ դուրս են բերվել երկրից մաքսանենգ ճանապարհով եւ մնացել են նրա ընտանիքում ավելի քան 200 տարի։
«Այդ ապարանջանները ճամփորդել են ժամանակի մեջ, որպեսզի պատմեն ֆրանսիական պատմության կարեւորագույն դարաշրջանի մասին՝ գլամուրով, փառքով ու դրամատիզմով հանդերձ»,- ասել է Christie's եվրոպական աճուրդների տան նախագահ Ֆրանսուա Կուրիելը։
Մարի-Անտուանետը ծնվել է 1755թ. Ավստրիայում եւ ուղարկվել է Ֆրանսիա՝ դառնալու ապագա թագավոր Լյուդովիկոս XVI-ի կինը։ Նա մահացել է 1793թ. գիլյոտինի միջոցով, ամուսնուց մի քանի ամիս հետո։ Բանտում գտնվելով՝ նա նամակ էր ուղարկել այն մասին, որ փայտե սնդուկը թանկարժեք իրերով կուղարկվի պահվելու։ Նրա ողջ մնացած դուստրը՝ Մարիա-Թերեզան, մադամ Ռոյալը, թանկարժեք իրերն ստացել է Ավստրիայում, տեղեկացրել է աճուրդների տունը։