«Թալիբան» շարժման գրոհայինները իրենց շարքերից վտարել են 200 մարդու
«Թալիբան» շարժման գրոհայինները իրենց շարքերից վտարել են 200 մարդու, որոնք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել է թալիբների ստեղծած հատուկ հանձնաժողովի աղբյուրը։
Հոկտեմբերին Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Քարի Սայիդ Հոսթին ասել էր, որ «Թալիբանի» նշանակած Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծել է հանձնաժողով իր շարքերը կոռումպացված, ինչպես նաեւ անարժան մարդկանցից մաքրելու համար։
Նոր մարմինը ստեղծվել է երեք ուժային գերատեսչությունների՝ պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի եւ անվտանգության ազգային տնօրինության աշխատակիցներից։ Հանձնաժողովի աշխատակիցները կարող են մի շարք դեպքերում օգտագործել ուժային մեթոդներ պետկառույցներից իրենց հայտնաբերած կոռումպացված անձանց վտարելու համար։
«Մոտ 200 մարդ վտարվել է նրանց (թալիբների – խմբ.) շարքերից, եւ այդ գործընթացը շարունակվում է»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է հանձնաժողովի անդամը։
Ինչպես նշվել է Հոսթիի հայտարարությունում, խոսքը կարող է վերաբերել մարդկանց, ովքեր պաշտոն են ստացել հարազատների օգնությամբ, հանցագործներին, կասկածելի անցյալ ունեցող մարդկանց կամ պաշտոնյաներին, որոնք հարուցում են տեղի բնակչության ատելությունը։ Հանձնաժողովի աղբյուրը տեղեկացրել է, որ վտարված 200 հոգին մարդիկ են, որոնք չարաշահել են իրենց պաշտոնները եւ օգտվել «Թալիբանի» անունից իրենց նպատակներին հասնելու համար։ Թալիբները ներկա պահին հետաքննում են կասկածյալների գործերը։
Աղբյուրն ավելացրել է, որ հանձնաժողովի ստեղծման պահից կարգն ու կարգապահությունը քաղաքներում բարելավվել են։