Եվրոպայում «Քովիդ-19»-ով հիվանդացությունն աճում է հինգերորդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ
Եվրոպան հինգ շաբաթ շարունակ մնում է աշխարհի միակ մասը, որտեղ «Քովիդ-19» կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում է աճել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն ընկած շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ աշխարհում 3 տոկոսով ավելացել է COVID-ով ախտահարման նոր դեպքերի թիվը: Ընդ որում՝ միակ տարածաշրջանը, որտեղ դեպքերի թիվը շարունակում է աճել, մնում է Եվրոպան, որտեղ հաղորդվում է դեպքերի թվի 6 տոկոս աճի մասին:
Մյուս տարածաշրջաններում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության շաբաթական դեպքերի նվազում: Հիվանդությունն ամենից շատ նվազել Է Արևելա-միջերկրածովյան տարածաշրջանում (12 տոկոսով) և Աֆրիկայում ու Հարավ-Արևելյան Ասիայում (9 տոկոսով):
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն նոր դեպք:
ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 246 951 274 դեպք և մահվան 5 004 855 դեպք: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 347 703-ով, մահացածներինը՝ 5 981-ով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: