Իսրայելի ՌՕՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մերձակա շրջանին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայում, Դամասկոսի մերձակա շրջանին։ Այս մասին տեղեկացնում է սիրիական պետական տեղեկատվական SANA գործակալությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 3-ի առավոտյան, լուսաբացին, իսրայելական բանակը մի քանի հրթիռներով հարվածել է Սիրիայի մայրաքաղաքին մերձակա Զաքիա շրջանի մի քանի օբյեկտների։ Գրոհի հետեւանքով հասցվել է «սահմանափակ նյութական վնաս», ասել է Սիրիայի բանակի ներկայացուցիչը։
Ինչպես տեղեկացրել են ՏԱՍՍ-ում, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը սիրիական տարածքին Իսրայելի ՌՕՈւ հարվածի մասին։
«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրությունները»,- հեռախոսով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանը պատասխանել է իսրայելական բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 30-ին SANA գործակալությունը տեղեկացրել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Գոլանի բարձունքներից Դամասկոսի արվարձանի վրա կատարված գրոհը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այն ժամանակ օդային գրոհի հետեւանքով տուժել էր սիրիացի երկու զինծառայող։
Հոկտեմբերի կեսին սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական ՌՕՈւ գրոհը Պալմիրայի հարավում։ Տեղեկացվել էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական դիրքերին Էթ-Թանֆ սահմանամերձ շրջանի օդային տարածքից, որտեղ գտնվում է ԱՄՆ եւ արեւմտյան կոալիցիայի ռազմակայանը։