«Նախընտրում եմ բանտը». տնային կալանքի տակ գտնվող ալբանացին կնոջ հետ «անտանելի» կյանքի պատճառով ոստիիկաններին խնդրել է իրեն բանտ տեղափոխել
Հռոմի արվարձաններից մեկի 30-ամյա բնակիչը, որը դատապարտվել է տնային կալանքի, մեկ հարկի տակ կնոջ հետ կյանքն այն աստիճան անտանելի է համարել, որ ոստիկանությանը խնդրել է իրեն բանտ տեղափոխել:
Ինչպես գրում է Oddity Central-ը, սկզբում իրավապահները կարծել են, որ սա ինչ-որ կատակ է, երբ բաժանմունք է ներկայացրել մի տղամարդ՝ խոստովանելով, որ միտումնավոր խախատել է տնային կալանքի մասին որոշումը, որպեսզի իրեն բանտ տեղափոխեն:
Ծագումով ալբանացի տղամարդը, հոգնելով կնոջ հետ վեճերից, հանգել է այն եզրակացության, որ բանտում լինելն ավելի տանելի է, քան կնոջ հետ անընդհատ նույն հարկի տակ գտնվելը:
«Նա ասաց՝ լսեք, իմ տնային կյանքը դժոխք է դարձել, ես այլևս չեմ կարող, ուզում եմ բանտ նստել»,-պատմել է ոստիկանության կապիտան Ջակոմո Ֆերանտեն՝ մանրամասնելով, որ ալբանացի իրավախախտը թմրանյութերի հետ կապված հանցանքների պատճառով մի քանի ամիս շարունակ գտնվել է տնային կալանքի տակ և դեռ մի քանի տարի էլ պետք է կրի պատիժը:
«Ձերբակալեք ինձ, ես այլևս չեմ կարող դիմանալ կնոջս հետ տանը լինելուն, ես նախընտրում եմ բանտը», - ասել է տղամարդը ոստիկաններին: Վերջիններս այս մասին հայտնել են դատական իշխանությանը, և տղամարդը տնային կալանքի վճիռը խախտելու համար տեղափոխվել է բանտ։