Դա իշխանության կողմից ռեպրեսիայի մեխանիզմի մի էլեմենտ է. Ղազինյանը՝ Գեղամ Մանուկյանին ամբիոնի մոտից հեռացնելու մասին
Չի կարելի սահմանափակել պատգամավորի խոսքը, չի կարելի կամայական կիրառել հարկադրանքի միջոցներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը իր գործընկեր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ անջատել տվեց խոսափողը եւ անվտանգության աշխատակիցներին խնդրեց նրան հեռացնել ամբիոնի մոտից:
«Դա իշխանության կողմից ռեպրեսիայի մեխանիզմի մի էլեմենտ է, որովհետեւ խորհրդարանում ընդդիմության խոսքը արգելափակվում է, ընդհատվում է, ապա զինվորական շորերով մարդկանց կողմից ուժով հեռացվում է պատգամավորը: Ընդդիմությունն ընդամենը պատասխանել է նախկինում ելույթ ունեցած պատգամավորի որակումներին: Այդ պատգամավորի հանդեպ հնչած գնահատականը, որ Արցախն ուրացողը դավաճան է, դա փաստ է: Չկա Հայաստանում մի արժանապատիվ քաղաքացի, որ գտնի, որ Արցախը ուրանալը դավաճանություն չէ»,-ասաց նա:
Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր. «Այսինքն դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք անվանում: Անջատեք Գեղամ Մանուկյանի խոսափողը: Զբաղեցրեք ձեր տեղը»: Նա խնդրել էր անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից: