Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը սկանդալային հայտարարություն է արել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծրագրվում է վերացնել բանտային խռովության ժամանակ: Նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքի հիմնադիր, բանտարկյալի փաստաբան Նիկա Գվարամիան, գրում է sputnik-georgia.ru-ն։
«Մեր տեղեկություններով՝ երկրի ներկայիս իշխանությունները ծրագրում են իրականացնել բանտում անկարգությունների իմիտացիա՝ Միխեիլ Սաակաշվիլիին այսպես կոչված բանտային հիվանդանոց տեղափոխելուց հետո, որը կավարտվի նրա վերացումով»,- ասել է Գվարամիան իր հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ բանտային հիվանդանոց արդեն տեղափոխվել են մի քանի բանտարկյալներ, որոնք պետք է դառնան խռովության նախաձեռնողները։
Փաստաբանը իշխանություններից պահանջում է առաջիկա մի քանի ժամում լուծել նախկին նախագահին հոսպիտալացնելու և բազմամասնագիտական կլինիկա տեղափոխելու հարցը, որտեղ հնարավոր կլինի ապահովել Սաակաշվիլիի անվտանգությունը։
Գվարամիայի խոսքով, հացադուլի 24-րդ օրը չի բացառվում կալանավորի սրտի կանգը։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: