ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր. Պետք է ճիշտ գնահատել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կարիքները
Անհրաժեշտ է ճիշտ գնահատել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կարիքները: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային ժողովում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների քննարկման ժամանակ, որը նախաձեռնել էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը, այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի՝ «Արդարություն» կուսակցությունից պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ վերոնշյալ անձանց սոցիալ-տնտեսական կարիքները գործընթացի հենց սկզբից պատշաճ կերպով հաշվի չեն առնվել։
«Իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերն անհատականացվել են, իսկ ընտանիքների կարիքները համարժեք գնահատված չեն: Բացի այդ, մենք գործնականում չունենք տվյալներ, թե Հայաստանում ներքին տեղահանվածների քանի ընտանիք է ցանկանում վերադառնալ Ղարաբաղ»,- ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով` առկա խնդիրների լուծումները տրվել են ինքնաբուխ եւ անկազմակերպ: