Գորիսում տեղի ունեցող ընտրությունները ևս մեկ ապացույցն են, որ սեփական իշխանությունը պահելու մոլուցքով տարված իշխանությունները պատրաստ են ամեն տեսակի անօրինականությունների․ «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում Գորիսում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Գորիսում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը, և սեփական իշխանությունը պահելու, քաղաքական նպատակահարմարության հիվանդագին մոլուցքով տարված իշխանությունները պատրաստ են ամեն տեսակի անօրինականությունների։
Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Առուշ Առուշանյան» դաշինքի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբային ներգրավման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքույց վարքագիծը մեկ անգամ ևս բացահայտում են իշխանության ոչ ժողովրդավարական և ապազգային դեմքը։
Արձանագրվող համատարած խախտումներն ու ապօրինությունները՝ այդ թվում ոստիկանական հոծ ուժերի կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի ներխուժումը, արդեն իսկ անազատության մեջ գտնվող Ա․ Առուշանյանի հոր նկատմամբ հետապնդումը գնահատում ենք, որպես քաղաքական ահաբեկչություն, ընտրության բուն ընթացքում համայնքի խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու քստմնելի և դատապարտելի վարքագիծ։
Այս և արձանագրված մի շարք խախտումներ, որոնք արձանագրվել էին նաև համապետական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև տեղ են գտել այլ համայնքներում գալիս են հաստատելու, որ ներկա իշխանությունները Սյունիքում չունենալով հանրային հենարան՝ դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների, ձևավորելու իշխանության վարած ապազգային քաղաքական կուրսին հպատակ և հլու տեղական ինքնակառավարման մարմիններ։
Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս հակասահմանադրական ընթացքի վրա և հայտարարում, որ «Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու երկրում սահմանադրականությունը վերականգնելու և իրավունքի գերակայություն հաստատելու հարցում»։
Նշենք, որ Առուշ Առուշանյանն առաջատարն է Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններում:
Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի տեղակալ Մենուա Հովսեփյանը ընտրատեղամասում ներկայացրել է ընտրությունների արդյունքները, և հայտնել, ըստ դրանց, Առուշ Առուշանյանի ու նրա ղեկավարած դաշինքի հաղթանակի մասին։ Նրա խոսքով` Առուշանյանի օգտին են քվեարկել 10 400 քվեարկողից 6286-ը։ Առուշ Առուշանյանը, նախնական տվյալներով, կրկնակի ձայներով առաջ է անցել իշխանական թեկնածուից։
Նա նաև ասել է, որ եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, այս հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին։
«Առուշ Առուշանյան» դաշինքից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Գորիս խոշորացված համայնքի 14 տեղամասի ամփոփ տվյալներով «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 4256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2389, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» 140 ձայն։
Հիշեցնենք, որ ՀՀ 9 բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում։ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթած Առուշանյանը կալանավորված է և քարոզարշավին չի մասնակցել։