Գամբիայի նախագահի թեկնածուն խոստանում է պատասխանատվության ենթարկել նախկին բռնապետ Յահյա Ջամմեին
Գամբիայի նախագահի թեկնածու Էսսա Ֆաալը, որը գլխավորում է նախկին բռնապետ Յահյա Ջամմեի օրոք կատարված հանցագործությունների գործերով ճշմարտության հաստատման հանձնաժողովը, հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվության ենթարկել նախկին առաջնորդին:
AFP-ի հետ զրույցում Էսսա Ֆաալը խոստացել է, որ դեկտեմբերի 4-ին ընտրվելու դեպքում կիրականացնի Ճշմարտության, հաշտության եւ վնասի փոխհատուցման հանձնաժողովի (TRRC) առաջարկությունները:
«Եթե TRRC-ն խորհուրդ տա Յահյա Ջամմեին քրեական պատասխանատվության ենթարկել, նա քրեական պատասխանատվության կենթարկվի», - ասել է Ֆաալը, որը հանձնաժողովի գլխավոր իրավախորհրդատուն է:
Ջամմեն իշխանությունը զավթել է 1994 թվականին՝ անարյուն ռազմական հեղաշրջման արդյունքում: Այնուհետեւ մի քանի անգամ վերընտրվել է վիճելի հանգամանքներում, մինչեւ որ պարտվել է 2016 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում: Վեցշաբաթյա ճգնաժամից հետո, որը հանգեցրել է արեւմտաաֆրիկյան այլ պետությունների ռազմական միջամտությանը, Ջամմեն ստիպվածէ եղել փախուստի դիմել Հասարակածային Գվինեա:
Իրավապաշտպանները նրան մեղադրում են մի շարք հանցագործությունների համար 22-ամյա կառավարման ընթացքում՝ մահվան ջոկատների օգտագործումից մինչեւ բռնաբարություն, կախարդների որսի հովանավորում եւ այլն:
Այս մեղադրանքները հետաքննելու համար 2017 թվականին ստեղծվել է TRRC-ը, որը հնարավորություն է տվել բացահայտել մոտ 400 մարդու խոշտանգումների եւ սպանությունների սարսափելի ապացույցներ: