Վիրահատությունները բարեհաջող են անցել՝ 2 վիրավորի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի պետնախարար
Վիրահատությունները տեղի են ունեցել, դրանք բարեհաջող են ընթացել՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով երեկ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին:
Պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին ասված է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- հայտնել է Արցախի ՊԲ-ն: