Եթե ինչ-որ համայնքի ղեկավարի քեռու կինը կամ բաջանաղը դժգոհ է, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ գյուղն է դժգոհ
Համայնքների խոշորացումը վերադարձ է նախկին շրջանային մոդելներին։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ նախկին 37 շրջաններից 20-ը վերականգնվում է, և որ գյուղերում եղած դժգոհութունը ոչ միշտ է հիմնավոր։ Ըստ Գնել Սանոսյանի գյուղերում խոշորացման վերաբերյալ քննարկումներ անցկացվել են 2011-ից սկսած, արդյունքում՝ ընտրվել է խոշորացման այնպիսի մոդել, որը ապահովելու է ենթակառուցվածքներ բոլոր մեծ ու փոքր գյուղերում։
«Մի շարք ենթակառուցվածքներից ելնելով՝ ավելի հարմար է մեծ փնջերի ձևավորումը, որը մենք երբեմն անվանում ենք նախկին շրջանային մոդելներ, և հիմա մենք գնում ենք դրան։ Դրա համար 37 նախկին շրջաններից 20-ը վերականգնվում են։Կարևոր դեր ենք հատկացրել քաղաքներին։ Այնպես ենք արել, որ բոլոր քաղաքների շուրջ առանձին միավորներ ստեղծվեն։
Եթե ինչ-որ համայնքի ղեկավարի քեռու կինը կամ բաջանաղը դժգոհ է, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ գյուղն է դժգոհ։ Գյուղեր կան, որտեղ մարդիկ ասել են, որ իրենց ոստիկանությունը և այլ ենթակառուցվածքներ շրջանային են, և լավ կլինի, որ համայնքային կառավարումը նույնպես լինի շրջանային։ Մենք այդ կարծիքները հաշվի ենք առել և կարծում ենք մոդելը իրեն կարդարացնի»,- լրագրողներին ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Խոշորացման հերթական փուլով Շիրակի մարզում կձևավորվեն Ամասիա, Աշոցք, Ախուրյան և Արթիկ համայնքները։ Գնել Սանոսյանը նաև նշել է, որ խոշորացման ենթակա այն գյուղերում, որտեղ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է, կնշանակվեն համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։ Ըստ նրա, հիմնականում պաշտոնակատարներ կնշանակվեն գործող գյուղապետները։