Ալժիրում նախկին նախագահի եղբայրը կոռուպցիայի համար դատապարտվել է երկու տարվա բանտարկության
Ալժիրի դատարանը երկրի նախկին նախագահի՝ Աբդելազիզ Բութեֆլիկայի եղբորը՝ Սայիդին, դատապարտել է երկու տարվա բանտարկության կոռուպցիայի մեղադրանքով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Դատարանը արդարադատության նախկին նախարար Թայեբ Լուհին նույնպես դատապարտել է վեց տարվա բանտարկության պաշտոնեական դիրքի չարաշահման գործով։
Ալժիրում Բութեֆլիկայի ժամանակների կառավարող էլիտայի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ դատական հետապնդումների են ենթարկվել 2019թ. ապրիլի սկզբին նախկին նախագահի հրաժարականից հետո։ Ռազմական դատարանը վճռել է կալանավորել նախկին նախագահի կրտսեր եղբորը՝ Սայիդին, որը համարվում էր նրա խորհրդականը, ինչպես նաեւ Ալժիրի անվտանգության ուժերի նախկին համակարգող, գեներալ-մայոր Օսման Թարթաղին ու հետախուզության եւ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, գեներալ Մուհամեդ Մեդիենին՝ բանակի ու պետության դեմ դավադրության մեղադրանքով։
2019թ. սեպտեմբերին Ալժիրի դատարանը Բութեֆլիկայի եղբորը, ինչպես նաեւ նախկին նախագահի մի շարք զինակիցների դատապարտել էր երկարատեւ բանտարկությունների՝ բանակի եւ պետության դեմ դավադրությանը մասնակցության համար։ 2020թ. հունիսին դատարանը 18 տարվա բանտարկության դատապարտեց երկրի ամենախոշոր ձեռներեցին՝ Ալի Հադադին, որը համարվում էր Բութեֆլիկայի մտերիմը, նրան մեղավոր ճանաչելով մաքսատուրքերի վճարման եւ անշարժ գույքի գործարքների ժամանակ ապօրինի արտոնություններ ստանալու մեջ։
Մոտ 20 տարի իշխանությունում գտնվող Աբդելազիզ Բութեֆլիկան ստիպված էր ժամկետից շուտ հրաժարական տալ 2019թ. ապրիլի 2-ին՝ հզոր ժողովրդական բողոքների հետեւանքով։ 2021թ. սեպտեմբերին նախկին նախագահը մահացավ 84 տարեկանում։