Կայացել է Պատրիարք Կիրիլի, Կաթողիկոս Գարեգին Բ-ի և շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը
Մոսկվայում Պատրիարքարանի նստավայրում Դանիլովի վանքում կայացել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը։
«Մենք հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության խնդիրը․․․Հուսով եմ՝ Ձեզ հետ միասին կգտնենք ճիշտ բառեր, որոնք ամենից շատն են պետք մեր ժողովուրդներին։ Հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա, և ես հավատում եմ, որ ձեր միջև երկխոսությունն ու այսօրվա հանդիպման փաստը, հարգելի եղբայրներ, կդառնա օրինակ բոլորի համար»,-հանդիպումը բացելով՝ ասել է Պատրիարք Կիրիլը։
Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր կրոնով արդարացնում են բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունը: «Մենք կոչ ենք անում միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին: Կրոնական պատերազմները սարսափելի մեղսավոր էջ են մարդկության կրոնական պատմության մեջ։ Այս դարում, կարծում եմ, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի «կրոն» և «պատերազմ» հասկացությունները չմիաձուլվեն»,-ընդգծել է Պատրիարք Կիրիլը։