Թունիսի նախագահը նոր կառավարություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
Թունիսի նախագահ Կայս Սայեդը նոր կառավարություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել՝ 11 շաբաթ անց այն բանից, երբ պաշտոնանկ արեց սուր տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի պայմաններում իշխանության սկանդալային բռնազավթման հետեւանքով կազմավորված վերջին կաբինետը, հայտնում է AFP-ն:
Պետական հեռուստատեսությունը հեռարձակել է Հյուսիսային Աֆրիկայի պատմության մեջ առաջին կին վարչապետ Նաջլա Բուդենի գլխավորած կաբինետի երդմնակալությունը:
Նշանակվելուց հետո իր առաջին հանրային ելույթում Բուդենը հայտարարել է, որ կառավարության «ամենակարեւոր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը կլինի»: Նա նաեւ խոստացել է «բարձրացնել թունիսցիների կյանքի մակարդակը» եւ «վերականգնել նրանց հավատը պետության հանդեպ»:
Սակայն Սայեդը զգալիորեն նվազեցրել է կառավարության լիազորությունները եւ տեխնիկապես ինքը կղեկավարի վարչակազմը:
Հուլիսի 25-ին նախագահը պաշտոնից հեռացրել էր նախորդ վարչապետին, դադարեցրել էր խորհրդարանի աշխատանքը եւ իրեն դատական լիազորություններ էր տվել, ինչը ընդդիմախոսները հեղաշրջում են անվանել:
Սայեդը բազմիցս քննադատել է 2014-ին Թունիսի ընդունած սահմանադրությունը, որը խառը խորհրդարանական-նախագահական համակարգ է մտցրել:
Նախագահը սեպտեմբերի 29-ին երկրաբան Բուդինին վարչապետ է նշանակել:
Երկուշաբթի արարողությունից հետո ունեցած իր ելույթում Սայեդը կրկնել է, որ իր գործողությունները սահմանադրական են` հաշվի առնելով «անխուսափելի վտանգը», որին բախվում է Թունիսը: Նա ասել է, թե գործել է, որպեսզի «թունիսյան պետությունը փրկի նրանց թաթերից, ովքեր թաքնվում են տանը եւ արտերկրում, ինչպես նաեւ նրանցից, ովքեր կառավարությանը համարում են ավար կամ պետական փողերը թալանելու միջոց»: Նա նաեւ խոստացել է «մաքրել դատական համակարգը»: