Սաակաշվիլիի կինն արձագանքել է ամուսնու սիրուհու ի հայտ գալու մասին լուրերին
Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը տեղեկացրել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի նոր սիրուհու հայտնվելն իր համար անսպասելի էր, իսկ տեղեկացման տարբերակն՝ անընդունելի, սակայն ինքը հանգստություն է պահպանում:
«Ընկերներիցս շատերն են ինձ հարցեր տալիս անձնական կյանքիս մասին: Չեմ թաքցնի, որ ուրբաթ երեկոյան արված տեսանյութի բովանդակությունը, անսպասելի էր ինձ համար, իսկ ձևը՝ բոլորովին անընդունելի: Անկախ իմ անձնական հույզերից՝ ես հանգստություն եմ պահպանում և հավատում եմ, որ հաղթող ենք դուրս գալու այս պայքարից»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուլովսը:
Վերջինս հավելել է, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, և որպես Վրաստանի քաղաքացի՝ ինքն ամբողջովին աջակցում է նրան ազատ արձակելու պահանջին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն տեսանյութ էր հրապարակվել, որը նկարահանվել էր մինչև Սաակաշվիլիի՝ Վրաստան ժամանելը: Տեսանյութում Սաակաշվիլին հայտնում էր, որ իրենք հարաբերություններ ունեն: Ուկրաինուհին մեկնաբանել է, որ համատեղ տեսանյութ են հրապարակել, որպեսզի հետագայում կարողանա ներկայացնել նրա շահերը:
Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 2-ին, երբ վերջինս հայրենիք էր վերադարձել՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար: