Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսը բանտում այցելել է Սաակաշվիլիին
Ուկրաինայի հյուպատոսը Ռուսթավի քաղաքի բանտում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոյի խոսքով՝ քաղաքական գործչի վիճակը բավարար է:
Նիկոլենկոն նշել է, որ ուկրաինացի դիվանագետները կշարունակեն հյուպատոսական և իրավական աջակցություն ցուցաբերել Սաակաշվիլիին, քանի որ վերջինս Ուկրաինայի քաղաքացի է:
Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել էր, որ իր պաշտպանյալը կշարունակի հացադուլը, քանի դեռ իրեն չեն ազատել բանտից:
Վրացի քաղաքական գործիչը պահանջում է նաև ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իր պատճառով:
«Ես հացադուլ եմ հայտարարել և ցանկանում եմ իմանաք՝ չեմ դադարեցնի այն, մինչև ես և իմ պատճառով ձերբակալված մարդիկ ազատ չարձակվեն»,-ասվում է Սաակաշվիլիի հայտարարության մեջ:
Սաակաշվիլին Վրաստան է ժամանել և ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Ավելի վաղ նա հայտնել էր, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և մասնակցել ընտրություններին, որոնք անցկացվել են հոկտեմբերի 2-ին: