Բարսելոնայում անկախության հարյուրավոր կողմնակիցներ երթ են իրականացրել
Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ կիրակի բողոքի ցույց են իրականացրել Բարսելոնայում՝ նվիրված 2017 թվականին անկախության մասի հանրաքվեի անցկացման և դրան հաջորդած իրադարձությունների չորրորդ տարելիցին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով հանրահավաքի կազմակերպիչ «Կատալոնական ազգային ասամբլեա» ՀԿ-ի հայտարարությանը:
Հավաքվածները երթ են իրականացրել՝ հիշելով հանրաքվեից հետո Կատալոնիայում տեղի ունեցած զանգվածային բախումներն ու դրանց հետևանքով տուժածներին: Ակցիային միացել է տեղի խորհրդարանի ղեկավար Լաուրա Բորասը:
Հանարահավաքն ու երթն անցկացվում են «Եկեք պայքարենք և անկախություն ձեռք բերենք» կարգախոսի ներքո: Նշվում է, որ ակցիային 1200 մարդ է միացել:
Հիշեցնենք, որ անկախության հարցով հանրաքվեն Կատալոնիայում անցկացվել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Մադրիդն իսկզբանե անօրինական է համարել այդ հանարքվեն և հրաժարվել է ճանաչել դրա արդյունքները: