Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի փոքր խումբը կհանդիպի Ժնևում
Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին նեղ կազմով կհանդիպի Շվեյցարիայում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Համանախագահների հետ ութ ամիս ակտիվ քննարկումներից հետո ուրախ եմ հայտնել, որ համաձայնության ենք եկել հանդիպման մեթոդաբանության վերաբերյալ: Վեցերորդ նստաշրջանի հրավերներն արդեն ուղարկվել են»,- նշել է դեսպանորդը:
Նա հույս է հայտնել, որ Սահմանադրական հանձնաժողովը լուրջ աշխատանք կծավալի սահմանադրական բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ անհրաժեշտ է հասնել իրական միջսիրիական քաղաքական երկխոսության:
Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի փոքր խմբի նախորդ նստաշրջանը տեղի էր ունեցել այս տարվա հունվարին Ժնևում։