Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան
Երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, որովհետև երկիրն աղետի բերած իշխանությունը շարունակում է մնալ իշխանության: Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը:
«Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգերը խորանում են, իսկ իշխանությունը դրանք ի վիճակի չէ չեզոքացնել: Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը: Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ այս իշխանությունն է, որի հեռացումն անհրաժեշտություն է, բայց քանի որ այսօր հիշատակի երթ է, թույլ տվեք այլ քաղաքական հարցերի չպատասխանեմ: Մենք այսօր եկել ենք ցույց տալու, որ կանգնած ենք, մեր երկրին տեր ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն էր նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների: Քաղաքական ելույթներ, ինչպես և խոստացվել էր, չեղան, երթին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը: