Իտալիայում կալանքից ազատ են արձակել Կատալոնիայի նախկին ղեկավարին
Իտալիայում դատարանը կալանքից ազատ է արձակել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին, որին ավելի վաղ Իսպանիայի պահանջով ձերբակալել էին Սարդինիա կղզու տարածքում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով շրջանային խորհրդարանի խոսնակ Լաուրա Բորասին, Պուչդեմոնին ազատ են արձակել առանց որևէ խափանման միջոցի:
Կատալոնիայի նախկին ղեկավարի պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել քաղաքական գործչին ազատ արձակելու վերաբերյալ, սակայն նշվում է, որ դատարանը դեռևս որոշում չի կայացրել:
Փաստաբան Ֆաբիո Բրունոն փոխանցել է, որ դատարանը Պուչդեմոնին ազատ է արձակել Սարդինիայից չհեռանալու պայմանով, քանի դեռ նոր դատական նիստ չի կայացել, որի ժամանակ կորոշվի վերջինիս իսպանական իշխանություններին հանձնելու հարցը: Նշվում է, որ օրենսդրության համաձայն՝ այդ նիստը պետք է տեղի ունենա 60-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Պուչդեմոնն Իսպանիայից հեռացել է 2017 թվականին կազմակերպված անկախության մասին հանրաքվեից հետո: Նրան Իսպանիայում մեղադրում են անօրինական հանրաքվեի կազմակերպման և անկարգություններ հրահրելու մեջ: