«Աճող զգացողություն, որ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում ինչ-որ բան կոտրվել է». ԵՄ հանձնակատարը՝ AUKUS դաշինքի ստեղծման մասին
Եվրոպայում «խաթարում» են նկատում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ինչով պայմանավորված կարող են վերանայել երկկողմ գործընկերային հարաբերությունները: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, նման մեկնաբանություն է արել ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը Financial Times-ին տված հարցազրույցում:
«Եվրոպայում, իհարկե, կա աճող զգացողություն, որ մեր տրանսատլանտյան հարաբերություններում ինչ-որ բան կոտրվել է: Ճիշտ է, որ որոշ մտքեր ենք լսում, որոնց համաձայն, հնավանաբար, վերջին երկու ամսում տեղի ունեցածից հետո կարող է լավ լինել ամեն ինչ վերանայել, այն ամենն, ինչ անում ենք, այդ թվում՝ մեր գործընկերությունը»,- ասել է Բրետոնը:
Եվրահանձնակատարի խոսքով՝ միշտ չէ, որ հասկանալի է, թե ինչ կարող են ամերիկացիները տալ Եվրոպային ԵՄ-ԱՄՆ խորհրդի շրջանակում, սակայն եվրոպացիների համար շատ ակնհայտ երևույթներ կան Վաշինգտոնին օգուտ տալու համատեքստում:
«Ես հավատում եմ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև համագործակցությանը, քանի որ մենք շատ ընդհանուր շահեր ունենք: Եվ եթե այդ ընդհանուր շահերը համընկնում են, ապա այո, ինչու ոչ: Սակայն ընդհանուր շահերը պետք է համապատասխանեն»,- եզրափակել է եվրոպացի գործիչը:
Եվրոպացի գործչի մտահոգությունը պայմանավորված է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև կնքված նոր դաշինքով (AUKUS), որից հետո Ավստրալիան հայտարարեց 2016 թվականին Ֆրանսիայի հետ կնքած պայմանագիրը խզելու մասին:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև 37 մլրդ դոլարի Հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգության նոր դաշինքի՝ AUKUS-ի ստեղծման մասին հայտնի էր դարձել օրեր առաջ: Ակնկալվում է, որ դաշինքը կընդլայնի պաշտպանական կարողությունների փոխանակումը: Դաշինքի հիմնական նպատակներն են հակազդել Չինաստանին և աջակցել Ավստրալիային միջուկային սուզանավերի ձեռքբերման գործում: