Անթալիայից Եկատերինբուրգ ուղևորվող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում՝ ուղևորներից մեկի մահվան պատճառով
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Եկատերինբուրգ էր ուղևորվում, հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում ուղևորներից մեկի մահվան պատճառով:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը, Անթալիա-Եկատերինբուրգ երթուղով թռչող U61070 չվերթի ժամանակ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատթարացել է: Բուժօգնություն ցուցաբերելու համար օդանավի հրամատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում:
Առաջին բուժօգնությունը կնոջը ցույց են տվել անձնակազմի անդամները և ուղևորների մեջ գտնվող բժիշկը, սակայն կինը մահացել է նախքան օդակայան հասնելը:
Սոչիի օդանավակայանից հայտնել են, որ վերջինս Կուրգան քաղաքի բնակչուհի էր՝ ծնված1959 թվականին: Անհրաժեշտ ընթացակարգերի կատարումից հետո օդանավը կշարունակի չվերթը: