ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 31 տոկոսը
ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը քվեարկության երկրորդ օրը գերազանցել է 31 տոկոսը, հայտնել է ԿԸՀ-ն, այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
«Մասնակցությունը Մոսկվայի ժամանակով 20:00-ի դրությամբ կազմել է 31,51 տոկոս», - հայտարարել են ԿԸՀ-ից: Այս ցուցանիշը հաշվի չի առնում հեռավար էլեկտրոնային քվեարկությունը:
Նշենք, որ ՌԴ-ում քվեարկության միասնական օրն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը: Այս երեք օրերից յուրաքանչյուրում կարելի է քվեարկել 8:00-ից մինչեւ 20:00-ը:
Ընտրում են պատգամավորներին, ինչպես նաեւ ինը սուբյեկտների ղեկավարներին, տարածաշրջանային խորհրդարանների ներկայացուցիչներին, մունիցիպալ իշխանության մարմիններին:
Պետդուման հինգ տարով ընտրվում է խառը համակարգով՝ 225 պատգամավոր՝ կուսակցական ցուցակներով, եւս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով:
Թեկնածուների դաշնային ցուցակներում գրանցել է 14 կուսակցություն։
ԿԸՀ-ի որոշմամբ հեռահար էլեկտրոնային քվեարկությունը կազմակերպվել է Մոսկվայում, ինչպես նաեւ Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավսկի, Մուրմանսկի, Ռոստովի մարզերում եւ Սեւաստոպոլում:
Առցանց քվեարկողների թիվն արդեն հասել է 70 տոկոսի։