Քաղաքագետը Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության խորացում է կանխատեսել՝ AUKUS պաշտպանական դաշինքի ստեղծման պատճառով
ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի միջև եռակողմ գործընկերության (AUKUS) ստեղծումը կարող է լրացուցիչ գործոն դառնալ Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության համար: Life.ru-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Քաղաքական և տնտեսական կոմունիկացիաների գործակալության վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը:
«Ինչպես հայտնի է, AUKUS պաշտպանական դաշինքի ստեղծումը բավականին սառն է ընդունել Չինաստանը: Օրինակ, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նման համաձայնագիրը ծայրահեղ անպատասխանատու է անվանել: Չինական մամուլում էլ ավելի կտրուկ գնահատականներ են հնչել այդ պայմանավորվածությունների վերաբերյալ: Արդյունքում այդ իրավիճակը կարող է հավելյալ գործոն դառնալ Պեկինի և Մոսկվայի փոխգործակցության համար»,- պարբերականի հետ զրույցում ասել է փորձագետը:
Մյուս կողմից՝ քաղաքագետի կարծիքով՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև բարդ հարաբերությունները կարող են հրահրել ԱՄՆ-ին Մոսկվայի հետ երկխոսություն վարելուն, առնվազն՝ առանձին թեմաներով:
Նեյժմակովը կարծում է, որ Սպիտակ տունը, մասնավորապես, փորձում է շփման կետեր գտնել ռուսական կողմի հետ կլիմայի հարցերով:
Հիշեցնենք, որ Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները հայտարարել են Հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգության նոր դաշինքի՝ AUKUS-ի ստեղծման մասին: Ակնկալվում է, որ դաշինքը կընդլայնի պաշտպանական կարողությունների փոխանակումը:
Դաշինքի հիմնական նպատակներն են հակազդել Չինաստանին և աջակցել Ավստրալիային միջուկային սուզանավերի ձեռքբերման գործում: Մի շարք պետություններ, երեք երկրների միավորման մասին հայտարարությունից հետո, արդեն դժգոհություն են հայտնել: