Իսպանիայում ներկայացված «խելացի» ակնոցը կարող է ճանաչել դեմքերը եւ չափել ջերմությունը
Իսպանիայում Կարթագենի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները ներկայացրել են «խելացի» ակնոց, որը կարող է ճանաչել դեմքերը եւ չափել ջերմությունը: Այս մասին ասվում է ուսումնական հաստատության երեքշաբթի օրը տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Խելացի» ակնոցը, որը հագեցած է դեմքի ճանաչման եւ ջերմության չափման համակարգերով, թույլ կտա ստուգել, թե հաստատություն այցելողներից որեւէ մեկը ունի՞ բարձր ջերմություն՝ առանց չափման հերթ կանգնելու»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ սարքն ունի ներկառուցված բարձրորակ տեսախցիկ` մի քանի դեմքերի միաժամանակ ճանաչման համար եւ ջերմաչափման տեսախցիկ, որը գրանցում է տեսադաշտում բոլոր մարդկանց ջերմաստիճանը:
Համալսարանի ներկայացուցիչները հայտարարել են նաեւ հատուկ տեսախցիկի մշակման մասին, որը կչափի մարդկանց միջեւ հեռավորությունը: Այս սարքի օգնությամբ հնարավոր կլինի հետեւել՝ արդյոք մարդիկ գտնվում են միմյանցից ապահով հեռավորության վրա, որի պահպանման անհրաժեշտությունը պայմանավորված է համավարակով:
Իսպանիայում կորոնավիրուսային վարակի տարածման սկզբից հայտնաբերվել է վարակի ավելի քան 4,9 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 85,3 հազար պացիենտ: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին երկրում սկսվել է բնակչության պատվաստման արշավ: Ներկայումս իսպանացիների ավելի քան 74%-ն արդեն ամբողջությամբ պատվաստված է COVID-19-ի դեմ: